24.06.2026

Ռազմավարական նախագծերից դեպի «ծիրանային դիվանագիտություն»

Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ` ծիրանը ձեռքին։


Սա՞ է այն Հայաստանը, որը ցանկանում ենք ներկայացնել աշխարհին։


Երբ ենթակառուցվածքների, արդյունաբերության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների և ռազմավարական նախագծերի փոխարեն Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով, դա պարզապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին չէ։ Դա երկրի խորհրդանշական դիրքավորման մասին է։


Աշխարհում պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, միկրոչիպերով, ատոմային էներգետիկայով, լոգիստիկ հանգույցներով և տեխնոլոգիական էկոհամակարգերով։ Իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը։


Ծիրանը հրաշալի մթերք է, հայկական մշակույթի կարևոր խորհրդանիշ։ Եվ այս ակցիայի քաղաքական հաշվարկն առավել քան պարզ է։ Բայց երբ պետության արտաքին տնտեսական կապերի առանցքում հայտնվում է բացառապես ծիրանը, այն կամա թե ակամա դիրքավորվում է որպես ագրարային ծայրամաս, այլ ոչ թե որպես արդյունաբերական, տեխնոլոգիական և ինժեներական ներուժ ունեցող երկիր։


Ամենախոսունն այստեղ հենց լուսանկարն է։ Սա իրականում արտացոլում է Հայաստանի ծայրամասային ընկալումը եվրոպացիների կողմից։ Կարելի էր նույն լուսանկարն անել հայ ֆերմերի հոտ, բայց ոչ` ենթակառուցվածքների նախարարի։


Սիմվոլները քաղաքականության մեջ երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները։


Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյան


 

Թեմայի այլ նորություններ