13.05.2026

Կառավարվող մրցակցություն. ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների նոր ձևաչափը

Ուսումնասիրոլով գլոբալ զարգացումները՝ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցից, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր»։


Օրակարգի գլխավոր թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները և հատկապես ԱԲ-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցեր և համաշխարհային տնտեսություն ու հաղորդակցություններ։


Ամենահավանական զարգացումները հետևյալն են՝


Առևտրային «հրադադարի» երկարաձգում։ Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Հենց դա էլ ակնկալում են համաշխարհային շուկաները։


Մասնակի տնտեսական համաձայնություններ։ ԱՄՆ-ը ցանկանում է՝


• ընդլայնել ամերիկյան ապրանքների գնումները Չինաստանի կողմից,


• ապահովել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները,


• թուլացնել ճնշումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։


Չինաստանն իր հերթին ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումները։


Ընդհանուր առմամբ՝ բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում: Սակայն արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։


Թայվանի հարցում ևս վերջնական որոշումներ չի ակնկալվում։ Սա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Պեկինը պահանջելու է նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորություններն իրական զիջումների համար՝ սահմանափակ են, ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։


Նախագահ Թրամփը փորձելու է Չինաստանին որևէ կերպ ներգրավվել կամ գոնե պայմանավորվել, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Դժվար է ասել՝ արդյոք Չինաստանը կընդունի դա որպես սակարկության թեմա, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ կապված է պատժամիջոցների և տեխնոլոգիաների շուրջ հարցում ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։


Հավանական քննարկում է սպասվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ այստեղ ԱՄՆ-ը դժվար թե հասնի էական զիջումների Պեկինի կողմից։


Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո՝ Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան: Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադություններին և առկա ռեգիոնալ հակամարտությանը։


Եթե ավելի լայն նայենք, ապա աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրանփի այս այցն՝ ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին։


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Թեմայի այլ նորություններ