
«Խաղաղությունը», որը կառուցված է անարդարության վրա, վաղ թե ուշ կքանդվի
Անարդար գործարքը, կամ ինչպես սկսել են անվանել` «խաղաղությունը», նոր անարդարությունների նախապատճառն է լինելու։
13.08.2025VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունից հետո թեպետ սպասվում էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանք է լինելու, ավելին՝ ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին իրեն «քցելու», նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից «թռնելու» համար, եւ պրոցեսներ են գեներացվելու Փաշինյանի դեմ, սակայն ռուսական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի հետ: Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։ Անգամ Իրանից են փորձել հստակեցնել ՌԴ-ի դիրքորոշումն ու անելիքները, որ, դրանցով պայմանավորված, իրենք էլ քայլեր ձեռնարկեն, սակայն նույն պատասխանն են ստացել։ Մեր աղբյուրներն ասում են, որ այս վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան:
Եվ ամենակարեւորը` վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաեւ ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են եւ պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ ՌԴ-ում որոշել են ուշի-ուշով հետեւել եւ հասկանալ, թե մինչեւ ուր կհասնեն ՀՀ իշխանությունները՝ ինչպես կարող էին չորս տարի շարունակ իրենց հետ բանակցել, 30 տարի գործընկեր լինել, հետո թռչել ԱՄՆ-ի գիրկը: Երբ կհասկանան, ըստ այդմ էլ իրենց անելիքները կպլանավորեն։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգեւել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։ Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է մասնակցել, որը վերջին շրջանում չէր մասնակցում մարզային միջոցառումներին, հատկապես նրանց, որոնց ներկա էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեզ ասացին, որ մարզպետի հետ հարաբերությունները վերականգնվել են` Փարսյանը նաեւ ուղեկցում էր շաբաթներ առաջ եռօրյա այցով Սյունիք մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է՝ խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել եւ «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության դեմ: Հիմնական փաստարկն այն է, որ ձախողված նախարարը չի կարող դեսպան նշանակվել կարեւորագույն երկրում։ Նրա նշանակմանը խանգարում է նաեւ այն, որ նա Սուրեն Պապիկյանի սանիկն է:
Նարեկ Մկրտչյանի դեմ հատկապես աշխատում է ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցի շրջապատը: Ի դեպ, Մակունցի պաշտոնավարման չորս տարին լրացել է օգոստոսի 2-ին, մենք գրել էինք, որ նա ստիպված է հետ վերադառնալ, սակայն վաշինգտոնյան հանդիպումը հետաձգեց դա: Հիմա էլ քննարկում են նրա պաշտոնավարումը երկարացնելու հարցը` օրենքը թույլ է տալիս երկարաձգել։ Ոմանք համարում են, որ վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո տրամաբանական կլինի, որ հենց Մակունցն էլ շարունակի դեսպանի առաքելությունը, չէ՞ որ ՔՊ-ականներն այդ համաձայնագիրը որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացնում։ Ուշագրավ է, որ Նարեկ Մկրտչյանն ընդգրկված էլ չէր վաշինգտոնյան պատվիրակության կազմում, մինչդեռ, տրամաբանորեն, ապագա դեսպանը պետք է ուղեկցեր Փաշինյանին: Փոխարենը, չգիտես ինչու, մեկնել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության ողջ կազմը, ի դեպ, ժամանակին Քամալա Հարիսին էր պաշտպանում` ընդդեմ Թրամփի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունում մշակվում է մանրամասն «պլան»՝ հանրային կարծիքի մեջ Սամվել Կարապետյանին որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի» ներկայացնելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի քաղաքական շրջապատը նույնիսկ մոտավոր թվեր է որոշել՝ ամիսը մոտ 50 մլն դոլարի «վատնումներ» գտնել և հրապարակել՝ նպատակ ունենալով զրկել Կարապետյանին վստահությունից ու միջազգային հարթակներում նրա դիրքերը թուլացնել։ Նրանք մտադիր են «թալանի պլաստիկան» միացնել նաև Կարապետյանի մասով, որը Հայաստանում միայն բարերարություն է արել: Այս գործընթացի ֆոնին բարերարը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, որ իրեն շուրջ 508 մլն դրամի վնաս են հասցրել Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները:
Ինչ արդյունք կտա Փաշինյանի այս նախաձեռնությունը՝ դեռ վաղ է կանխատեսել։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հարցի մանրամասները ՀԷՑ-ում կառավարության ներկայացուցիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից՝ հարցնելով․ – Պարո՛ն Պետրոսյան, Դուք պարզե՞լ եք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ով օրական միլիոնավոր դոլարի «թալան» է իրականացրել, և պատրաստվո՞ւմ եք առաջիկա օրերին ներկայացնել այդ թվերը։ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց․ «Մեկնաբանություն չունեմ սրա հետ կապված։ Պաշտոնական էջերին կարող եք հետեւել, ասելիք ունենալու դեպքում՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածենք հավուր պատշաճի»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրության է առել համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների և համայնքի ղեկավարի տեղակալի՝ այլ սահմանափակումների պահպանման համատեքստում: Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: Իսկ իրական քաղաքական պատճառը թերևս այն է, որ Վարդան Ղուկասյանն իրականում սուր քննադատում է Փաշինյանի վարչակազմին՝ ունենալով քաղաքապետի պաշտոնը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հաճախ է հրապարակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումները, որոնք հաճախ վիրավորական ենթատեքստ են ունենում՝ ուղղված հակաիշխանական հայացքներ ունեցող գործիչների՝ պատգամավորից մինչև նախկին նախագահներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը։
Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է ենթադրյալ վիրավորական արտահայտություններ («տավարապետ», «բարբաջող», «ցողունային բջիջնե՞ր է ընդունել», «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված») պարունակող գրառումներ։ Հանձնաժողովը հրապարակումներն ուսումնասիրել է Կանոնագրքի համատեքստում, որի 48-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը հեղինակազրկող մեկնաբանություններով հանդես չգալ:
Նույն կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը։ Հանձնաժողովն արձանագրել է, որ «տավարապետ» բառի գործածմամբ Տ. Չախոյանը նկատի ունի Վարդան Ղուկասյանի կողմից գործածած «товаровед» բառը, որը նման սխալ գործածմամբ հանդիպել է նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, նկատի ունենալով, որ հրապարակումները կատարվել են Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և նպատակ են ունեցել քննադատելու համայնքի ղեկավարի թեկնածուին ու նրա գաղափարական մոտեցումները, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում թեկնածուներին ուղղված քննադատական խոսքն ինքնին օգտվում է առավել լայն պաշտպանության շրջանակից, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Չախոյանի նշված գրառումները չեն հատել իրավաչափության սահմանը։ «Բարբաջող» և «ցողունային բջիջներ է ընդունել» արտահայտությունները պարունակող գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ չնայած գրառման կոպիտ տոնայնությանը՝ այն նպատակ է ունեցել քննադատելու մի քանի քաղաքական և հասարակական-քաղաքական գործիչների հնչեցրած խոսքը։ Ըստ այդմ, գրառումը առավելապես ոչ թե անձնական վիրավորանքներ է պարունակել, այլ քննադատական խոսք, որը հիմնվել է որոշակի փաստական հենքի վրա, ինչից ելնելով՝ Հանձնաժողովը որոշել է, որ այս գրառումը ևս կատարվել է իրավաչափության սահմաններում: Ըստ այդմ, Հանձնաժողովը նշված 3 գրառումների կապակցությամբ արձանագրել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման բացակայություն և որոշել դրանց առթիվ չհարուցել վարույթ։ Ինչպես նկատելի է, Տարոն Չախոյանը հաճախ է խույս տալիս պատիժներից, ինչպես, օրինակ, այս մյուս դեպքում, երբ վիրավորանքն ակնհայտ է։
4-րդ գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված» արտահայտության կիրառմամբ Տ. Չախոյանը հասարակական-քաղաքական գործչին կոչել է հոգեկան առողջության խնդիր ունեցող։ Հանձնաժողովը համարել է, որ նշված արտահայտության գործածումը խնդրահարույց է՝ նկատի ունենալով, որ նախ գրառումը հաստատող փաստական հանգամանքների բացակայության դեպքում ակներև է, որ այդ արտահայտությունը գործածվում է առերևույթ վիրավորական իմաստով, բացի այդ, հոգեկան առողջության խնդիր ունենալը, անկախ դրա հաստատված լինել կամ չլինելու հանգամանքից, որպես վիրավորական արտահայտություն գործածելը կամ դրանով անձին պիտակավորելը ինքնին վկայում է այն մասին, որ Տ. Չախոյանի գրառումը խտրական խոսք է պարունակում, քանի որ դրանից ենթադրվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալն ամոթալի կամ վիրավորական է, ինչն արատավորող, խարանավորող բնույթ ունի։ Ընդ որում, Տ. Չախոյանի կողմից գործածվում են նաև ոչ զգայուն տերմիններ՝ «հոգեխանգարված», «6-րդ պալատից փախած», որոնք ևս վկայում են ինչպես վիրավորելու նպատակի, այնպես էլ խտրական մոտեցման մասին։
Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված գրառման կատարումը պարունակում է վարքագծի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներ։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ չհարուցել վարույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրառմամբ շոշափվել են կոնկրետ անձի իրավունքները, որը Հանձնաժողովին դիմում չի ներկայացրել, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մնացած նախապայմանները բացակայել են։ Ստացվում է, որ Տարոն Չախոյանը այս անգամ էլ ջրից չոր է դուրս գալիս միայն այն պատճառով, որ նրա դեմ բողոք չի ներկայացվում, և նա վայելում է Նիկոլ Փաշինյանի ստվերային հովանավորությունը»։
Անարդար գործարքը, կամ ինչպես սկսել են անվանել` «խաղաղությունը», նոր անարդարությունների նախապատճառն է լինելու։
13.08.2025ԱՄՆ-ի հետ կլինի երկկողմ հռչակագիր, բայց միայն իշխանափոխությունից հետո։
13.08.2025Հայտարարություն:
13.08.2025