ԱՄՆ Պետդեպարտամենտը Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»՝
Փաշինյանի մեղսակցությամբ:
Մի քանի կարևոր շեշտադրում գրեմ, որ պարզ լինի ինչի մասին է խոսում.
- Փաշինյանի վարած հակահայկական քաղաքականության ու ստեղծած քաոսի պատճառով՝ ԱՄՆ պետդեպը Սյունիքը հայտարարել է վիճելի տարածք (Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի շուրթերով արված հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ պետդեպի պաշտոնակական կայքում)։
- Ամերիկացի պաշտոնյան Սյունիքի Մեղրիով անցնող հատվածի երկարությունը կրճատում է 40-45 կմ-ից 32-ի՝ փաստորեն այսպիսով կասկածի տակ դնելով ՀՀ պետական սահմանների իրական երկարությունը, իսկ Ադրբեջանի հետ հակամարտությանն այս տարածքում վերագրում մեկ տասնամյակի պատմություն, որն ամբողջապես կեղծիք է։
Սրա վերաբերյալ ՀՀ ԱԳՆ առնվազն բողոքի նոտա պետք է հղի ԱՄՆ դեսպանատանը։
- Այս հայտարարությամբ Ամերիկյան պաշտոնյան, փաստորեն, փորձում է լեգիտիմություն հաղորդել Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության պետական տարածքի վերաբերյալ հավակնություններին։ Սա պարզապես անթույլատրելի վարքագիծ է։
- Ամերիկյան միջնորդության առաջարկը հարված է Հայաստանի բնական դաշնակից Իրանին, որն ուղղակի և անուղղակի հակամարտության մեջ է գտնվում ԱՄՆ և նրա ամենասերտ դաշնակից Իսրայելի հետ։
- Ամերիկյան պաշտոնյան դիվանագիտական կոնտեքստում հայ ժողովրդին վերագրելով «ցեղային մտածողություն»՝ նսեմացնում է Հայաստանի Հանրապետության՝ արտաքին խնդիրները լուծելու աշխարհաքաղաքական ունակությունը։ Սա բացառապես ՀՀ վարչակարգի վարած տհաս քաղաքականության հետևանք է։
- Սյունիքը վերածվել է կռվախնձորի աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների գործընթացում, իսկ Հայաստանի իշխանությունը պետությունը դարձրել է սակարկման առարկա։
- Սյունիքով անցնող տրանսպորտային որևէ հատված պետք է վերահսկվի ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ՈՒ ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐԻ կողմից։ Որևէ այլ երկիր չի կարող հարյուր տոկոսով երաշխավորել հայկական տարածքի անվտանգությունն ու ճանապարհների խաղաղ գործարկումը։ Հակառակ պարագայում Սյունիքը հայաթափվելու է ու արժանանալու Արցախի ճակատագրին։
Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյան