4.07.2025

Դուբայում կայանալիք հանդիպումն երկխոսության իմիտացիա է լինելու. Արտակ Զաքարյան

Բանակցություններ Դուբայու՞մ. Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հուլիսի վերջին Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններին։


Նա, մասնավորապես, նշել է. «Middle East Eye-ի տվյալներով՝ Փաշինյանը և Ալիևը պլանավորում են նոր հանդիպում՝ հուլիսի վերջին Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ նպատակն իբրև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է, որի նախագիծը համաձայնեցվել էր դեռևս մարտին։ Սակայն, այդ ժամանակից ի վեր Բաքուն շարունակում է ընդլայնել մեր երկրի նկատմամբ առաջադրվող պահանջների ցանկը։


2020թ. և 2023թ. դավադիր պատերազմներից հետո, իրեն հաղթող համարող Ադրբեջանը, (ենթադրվում է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված) անընդհատ պայմաններ է առաջ քաշում՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, դադարեցնել Եվրոպական դիտորդների գործունեությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, զսպել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ազգային ուժերին՝ բացառելով ռևանշը, ընդմիշտ մոռանալ Արցախ վերադարձը, չխոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, փակել Մեծամորի ատոմակայանը, Սյունիքում տրամադրել ՀՀ կողմից չվերահսկվող միջանցք-ճանապարհ, դուրս բերել երրորդ երկրների ռազմական ներկայությունը և այլն։


Յուրաքանչյուր նոր պահանջ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը և «խաղաղության գործընթացը» վերածում է Հայաստանի վրա միակողմանի ճնշման գործիքի։


Այս ֆոնին Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու։ Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են և դրանից առաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումը գործնականում անհնար է։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլն ուղղակի կտապալվի և ժողովուրդը կմերժի այդ խայտառակության մասին այդ հանրաքվեն: Սա Բաքվին առիթ է տալիս մեծացնել պահանջները՝ գիտակցելով, որ Նիկոլը հայ ժողովրդի հետ լրջացող պրոպլեմներ ունի և չի կարող արագ արձագանքել։


Նախատեսված հանդիպումը կարծում եմ ոչ թե առաջընթաց է, այլ դիվանագիտական ուղիները պաշտոնապես բաց պահելու ազդանշան: Քանի դեռ Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Փաշինյանը՝ ներքին անկայունության և իշխանությունն ամեն գնով պահելու պայքարի մեջ է՝ «խաղաղության համաձայնագրի» մասին դժվար է խոսել:


Խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն իշխանափոխությունից հետո: Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլն ինչ էլ անի՝ Բաքուն նրան խաղաղության թղթի կտոր չի տալու: Թեկուզև ողջ հայ ընդդիմադիր դաշտին դատի, բռնությունների ալիքներ կիրառի, գործարարներ, եկեղեցականներ, հասարակական ակտիվիստներ և այլ մարդկաց հետապնդի, վախի մթնոլորտ ստեղծի՝ միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը ցույց է տալու, որ չի վստահում Նիկոլի լեգիտիմությանը և չի ցանկանում նրա հետ որևէ լուրջ բան ստորագրել:


Իսկ Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:


Բոլորը տեսնում են, որ հանուն իր իշխանության՝ Փաշինյանը սիստեմատիկերեն քայքայում է Հայաստանը ներսից: Հարվածում է տնտեսությանը, Եկեղեցուն և այլ ազգային կուռույցներին, գժտվում է սփյուռքի հետ, չորով փակում է Արցախի հարցը, տրորում է ներհասարակական բարոյական սկզբունքները, պարբերաբար խնդիրներ է ստեղծում դաշնակից և բարեկամ երկրների հետ...


Այս ամենը տեսնելով, Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանի շարունակում է նմալ նախընտրելի կատարալու: Եվ նրանք ամեն կերպ օգտագործելու են գործող կառավարիչներին՝ առավելագույնը ստանալու և խաղաղության անվան տակ ողջ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում թուրքական լիակատար ազդեցություն հաստատելու համար:


Իշխանափոխությունը՝ Հայաստանի ինքնիշխան պետականությունը պահպանելու, իրական խաղաղության հասնելու և հայի տեսակը պահելու միակ ճանապարհն է: Իմփիչմենտը՝ իշխանափոխության կարճ, լեգիտիմ, հանրությանը համախմբող և անցնցում տարբերակը:


Իմփիչմենտն այս պահին իրատեսական է, թե ոչ՝ քննարկելի հարց է: Բայց որ իշխանափոխության համար իմփիչմենտն այլընտրանք չունի և չի ունենալու նաև 2026թ.՝ դառնում է ավելի ու ավելի տեսանելի»։


 

Թեմայի այլ նորություններ