28.06.2025

Շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛-ի շուրջ շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները:


Մի կողմ դնելով տարատեսակ շահարկումները՝ անդրադառնանք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2024 թ. հրապարակված ՛՛ՀԷՑ՛՛ՓԲԸ 2023 թ. ներդրումային գործունեության մոնիթորինգային արդյունքներին նվիրված վերլուծական տեղեկանքին:


Դրա համաձայն՝ հոսանքազրկումների միջին հաճախության ցուցանիշը Հայաստանի ողջ տարածքում 2022 թ.-ի համեմատ բարելավվել է շուրջ 8,7%-ով: Միաժամանակ, հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է 18,1%-ով: ՀԾԿՀ համաձայն՝ հոսանքազրկումների վերականգման միջին տևողությունը հանրապետության տարածքում բարելավել է 18,3%-ով: Ինչ վերաբերում է մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության ցուցանիշներին, ապա դրանք բարելավվել են համապատասխանաբար 3,1% և 8,9%-ով: Ներդրումային ծրագրի կատարման ցուցանիշը կազմել է 91,1%:


ՀԾԿՀ այս գնահատականները վկայում են, որ ՀԷՑ-ի կողմից ՛՛ժողողվրդին հասցրած վնասների՛՛ մասին հայտարարությունները բացարձակ մերկապարանոց են:


Գանք հարցի ռազմավարական տիրույթ:


Նախ՝ ընկերության պետականացման արդյունքում երկրի էներգետիկ անվտանգության համակարգը և, առհասարակ, տնտեսությունը առերեսվելու են լրջագույն ռիսկերի: Աշխարհում Էլցանցերի պետականացման նախադեպերն իրականում այդքան էլ շատ չեն: Այսպես, 2006 թ.-ին Բոլիվիայում ցանցերի պետականացման արդյունքում էապես աճել է անջատումների թիվն ու արձանագարվել ներդրումների շարունակական կրճատում: Նույն պատկերն է ստեղծվել 2012 թ.-ին Հունգարիայում, երբ աջ պոպուլիստ Վիկտոր Օրբանը հայտարարեց ՛՛տնտեսական հայրենասիրության՛՛ կոնցեպտի մասին, որի ներքո իրականացված էլցանցերի պետականացումը հանգեցրեց համակարգային խնդիրների: Քաղաքական նպատակներով իրականացված սակագների իջեցումը 10%-ով ոչ միայն կարճաժամկետ բնույթ ունեցավ՝ այնուհետև վերածվելով դինամիկ աճի, այլև հանգեցրեց համակարգի տեխնոլոգիական ՛՛ծերացման՛՛:


Էլցանցերի պետականացումն անխուսափելիորեն բերելու է սակագների աճին: Այս իշխանությունների օրոք՝ 2018 թ.-ից ի վեր, Հայաստանում էլեկտրաէնեգիայի սակագինն աճել է միջինում 4,7 դրամով, ընդ որում՝ ՀԷՑ-ի մարժան մնացել է անփոփոխ: Բայց դա հարցի այլ կողմն է: Խնդիրը նրանում է, որ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների իրականացման նպատակով կառավարությունը ստիպված է լինելու ավելացնել պետական պարտքը, որի սպասարկումը հնարավոր է լինելու ապահովել սակագների բարձրացման ճանապարհով (այս խնդրին անդրադարձել եմ նաև իմ նախորդ հրապարակումներում):


Մտահոգիչ է նաև հարցի սոցիալական կողմը:


2024 թ.-ի դրությամբ ՀԷՑ-ում աշխատում է շուրջ 6700 մարդ, որոնց աշխատավարձի բարձրացման առաջարկները մշտապես մերժվել են ՀԾԿՀ-ի կողմից՝ սակագների վրա լրացուցիչ բեռից խուսափելու նպատակով: Այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացումը հնարավոր է եղել ապահովել բացառապես ընկերության սեփական ֆոնդերի միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թ.-ից ի վեր այս ուղղությամբ ընկերությունը ծախսել է շուրջ 30 մլն ԱՄն դոլար՝ առանց սակագնի մեջ ներառելու:


Պատրա՞ստ է արդյոք պետությունը ստանձնել նման պատասխանատվություն: Հարցը հռետորական է:


Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյան

Թեմայի այլ նորություններ