24.06.2025

Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը

Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը, որտեղ նա զրկվում է այլևս իր կենարար ուժից, միակ աստղը լինելուց թեկուզ խամրած: Իսկ իրավիճակի կարճ նկարագիրը հետևյալն է՝ հականիկոլական մաղձային դիսկուրսն իր տեղը սկսում է զիջել հետնիկոլական կառուցման դիսկուրսին:


Սա նրա համար մղձավանջ է, որովհետև այդ դիսկուրսում նա այլևս որպես ֆակտոր չկա, այլ հիշատակվում է որպես ավերակների հեղինակ, որոնք վերակառուցման և վերականգնման ենթակա են: Փաշինյանի ներքաղաքական և ներհանրային ռեակցիոնիզմն ու ծայրահեղականությունը որևէ կերպ չի փոխում իր «ավիրող ու գնացողի» կարգավիճակը «որևէ բան ստեղծողի» կարգավիճակի:

Վերջին շրջանի բոլոր հիստերիաներն ու անադեկվատությունները իր օրակարգին և իր դիսկուրսների վրա կենտրոնանալու փորձեր են, որտեղ նա կլինի մտքեր և ուղեղներ կառավարողը: Իրավիճակի աննախադեպությունը նրանում է, որ նա դառնում է երկրորդ համարով շատ վատ խաղացող, ով ուզում է ապացուցել, որ լավ է խաղում, խաղն իրենից է կախված, բայց հանդիսատեսը սուլում է նրան, գիտի նրա որակը, տեսել է խաղը և պահանջում է դուրս գալ դաշտից:

P.S. Իմիջիայլոց այս դասը նրան առաջինը տվեց ՀԱԷ-ն իր ինստիտուցիոնալ իմաստնությամբ և ստրատեգիական համբերությամբ:


Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

Թեմայի այլ նորություններ