
Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր
Հիշեցնեմ, որ մայիսի սկզբին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու։
29.04.2025VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները: Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը: Մյուս բոլորին ասվել է` աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք` ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք: Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը: Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռեւս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ բավականին ակտիվ է վերջին տարիներին։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաեւ Բաբայանի թիմի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ, մեծ աղմուկից խուսափելու համար, գործուղվեց Վրաստանից հեռու: Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վեր հանեցին մի շարք հարցադրումներ՝ թե՛ եկեղեցու ներսում, եւ թե՛ հասարակության շրջանում։ Հանրային կարծիքը կրկին բաժանված է։ Մի հատվածը ողջունում է Հայաստանի առաջնորդի այցն ու միասնականության ուղերձները, իսկ մյուսը քննադատում է նրա ընդգրկումը պաշտոնական օրակարգում։ ArmLur.am-ը փորձեց Միրզախանյանի վարքի, տեղափոխության պատճառների, ինչպես նաեւ երեկվա ընդունելության մասին Հայ առաքելական եկեղեցու մամլո դիվանությունից մեկնաբանություն ստանալ, բայց չստացվեց»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։ Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից․ նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը: Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել: Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ: Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից, Ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք է բերել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից. 50 աթոռ և 8 սեղան՝ ընդհանուր 3 մլն 381 հազար դրամ արժեքով։
Ստացվում է, որ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է (տե՛ս լուսանկարը), որ ԱԺ սրճարանի տարածքում այս պահին տեղադրված են ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները:
Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում. «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 մլն 470 հազար դրամ արժեքով: Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում: Եվ հարց է առաջանում՝ 10-20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից 100 հազար դոլարից ավելի գումար ծախսել՝ սրճարան կառուցելու համար:»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, որ Վրաստանի հայկական համայնքից՝ Ախալքալաքից, զանգվածային հոսք կա դեպի Հայաստան, սակայն ոչ ներգաղթի նպատակով։ Բանն այն է, որ ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ Ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ռեկորդային ներգաղթ է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ճշտելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում Ախալքալաքից քանի անձ է եկել, հաշվառվել Հայաստանում եւ գրանցվել որպես թոշակառու, եւ Ախալքալաքից Հայաստան եկած ախալքալաքցիները որքան կենսաթոշակ են ստանում ՀՀ բյուջեից։
Նախարարությունից պատասխանեցին հետեւյալը. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում Ախալքալաքից Հայաստան եկած ախալքալաքցիների կենսաթոշակի նշանակման եւ ստացման վերաբերյալ հաշվառում չի իրականացվում», – ասված է պատասխանում։ Ստացվում է, որ նախարարությունը նման վիճակագրություն եւ տվյալներ չի հավաքում, բայց դա չի նշանակում, որ այդպիսի բան չկա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի եւ հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին եւ արտադրողներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գործարարներից ահազանգ ստացավ, որ տարածված է այն մեխանիզմը, երբ փոքր խմբաքանակներով ապրանքները մեկ անձի շնորհիվ մի քանի անգամ «գնալ-գալու» միջոցով ներմուծվում են երկիր։ Սահմանամերձ շրջաններում այս երեւույթը հաճախ անվանում են «պերեկիտկա»՝ կամրջելով օրենքի շրջանցման եւ փոքր քանակով բազմակի ներմուծման պրակտիկան։
Այսպիսի ներմուծումները հիմնականում կատարվում են անձնական օգտագործման անվան տակ, սակայն իրականում վերածվում են կոմերցիոն շրջանառության՝ խեղաթյուրելով մրցակցային դաշտը։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մաքսանենգության բացահայտումների մասին, սակայն փորձագետները նշում են, որ սա միայն սառցալեռան գագաթն է, եւ իրական ծավալները շատ ավելի մեծ են։Հայաստանում գործող օրինապահ բիզնեսները, որոնք ապրանքները ներմուծում են օրինական ճանապարհով եւ վճարում հարկերը, հայտնվում են ոչ բարեխիղճ մրցակցության պայմաններում. երբ մաքսանենգ ապրանքը վաճառվում է ավելի էժան գնով, օրինական ներկրողը կորցնում է շուկայի իր բաժինը՝ չկարողանալով մրցել հարկ չվճարած ապրանքի գնի հետ։
Մի շարք երկրներում կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մեկ անձի կողմից որոշ ապրանքների սահմանափակ ներմուծում, օրինակ՝ ամիսը մեկ անգամ սահմանված քանակով։ Հայաստանում նման մեխանիզմի ներդրումը կարող է արդյունավետ գործիք դառնալ այս խնդրի կարգավորման հարցում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական բյուջե վճարվող հարկերի ցուցանիշները՝ թե՛ եռամսյակային, թե՛ տարեկան կտրվածքով, միշտ էլ հետաքրքիր «վայրիվերումներ» են ի ցույց դնում, որոնք որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածում երկրի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև միտումների մասին:
Հայաստանի խոշոր հարկատուների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները ևս բացառություն չեն՝ այն տարբերությամբ, որ արտաքուստ որոշակի «սենսացիաներ» կամ առնվազն փոփոխություններ են պարունակում: Առաջինը, որ աչքի է զարնում, առաջատարի փոփոխությունն է. բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առավելապես գլխավորում է այս ցանկը, ոչ միայն առաջին տեղում չէ, այլ ընդհանրապես բացակայում է 1000 խոշորների ցանկից: Ընկերությունից, սակայն, պարզաբանեցին, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։
2024 թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,նշել են ընկերությունից և հավելել, որ հաջորդ եռամսյակում, այսինքն՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Այս անգամ առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որին հաջորդում են «Մոբայլ սենթրն» ու «Գրանդ տոբակոն»: Ի դեպ, վերջինս Հայաստանի արտադրողների ցանկում փաստացի առաջինն է: Նկատենք, որ, ըստ վիճակագրության, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք կայունություն են ապահովում, ու պատահական չէ, որ հիմնականում նրանք տեղ են գտել լավագույն հիսնյակի մեջ. խոսքն, ընդհանուր առմամբ, յոթ ընկերության մասին է, որոնցից ամենամեծ աճն արձանագրել է «Ջերմուկ գրուպը»: Նշյալ յոթի մեջ սննդամթերքի արտադրությամբ զբաղվում են ընդամենը երկուսը՝ մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը, որը, փաստացի, նաև Հայաստանի սննդամթերքի արդյունաբերության առաջատարն է, և «Գրանդ քենդին»: Ի դեպ, այս ընկերությունները և 63-րդ հորիզոնականում գտնվող «Բաղրամյանը», որպես կանոն, ապահովում են սննդամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի գրեթե կեսը:
Հետաքրքիր ցուցանիշներ է արձանագրել «Սպայկա» հոլդինգը: Եթե 2024 թ. առաջին եռամսյակում այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 96-րդ տեղում էր, իսկ 2024 թ. տարեկան արդյունքներով՝ 75-րդը, ապա այս տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերով 30-րդն է: Ոչ պակաս տպավորիչ է ընկերության վճարած եկամտահարկի ցուցանիշը, որն ինքնին բավական խոսուն է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 600 տոկոս ավելի եկամտահարկ է վճարվել: Մոտ 280 տոկոսով ավելի են եղել վճարված ընդհանուր հարկերը (մոտ 2,1 միլիարդ):
Ինչպես վերջին մի քանի հաշվետու ժամանակաշրջաններում, 2025 թ. առաջին եռամսյակում ևս առաջատարների թվում հայաստանյան բանկերն են: Այս փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ լավագույն քսանյակում միանգամից 4 բանկ է, ընդ որում՝ գրեթե իրար «հարևանությամբ». խոսքը «Ամերիաբանկի», «Արդշինբանկի», «Այդի» բանկի և «Ակբա» բանկի մասին է: Եվս երեք բանկ՝ «Արմսվիսբանկը», որը ամենազգալի առաջընթաց գրանցածներից է, «Էվոկաբանկը» և «Ինեկոբանկը», լավագույն հիսնյակում են:
Հիշեցնեմ, որ մայիսի սկզբին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու։
29.04.2025Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:
29.04.2025