29.04.2025

Մոսկվայում Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ու հայկական կողմի հաջողված պաշտպանությունը

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:


Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգով ուժայինով:


Սակայն այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց:


Ե´վ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլ նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:


Շարմազանովն օգտվելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունից, մի քանի տասնյակ միջազգային պատվիրակների ներկայացրեց Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, հայկական կողմի առաջնահերթությունների, Ադրբեջանի իրականացրած ապակառուցողական քաղաքականության, ագրեսիայի և պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրման մասին:


Այնպես չէ, որ Շարմազանովն առաջին անգամ է այսպիսի ելույթ ունենում կամ ադրբեջանցի պատվիրակին իր տեղը ցույց տալիս:


Սակայն Հայաստանի իշխանության` ազգային և պետական շահերից նահանջ կատարելու և հանձնվողականության ֆոնին, այս քայլն առավել առանձնահատուկ նշանակություն ունի:


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Թեմայի այլ նորություններ