20.04.2025

Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում. Մամուլ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․


«Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10 հազարով ավելի են ստացել, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը, ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից: Նաեւ դրանով էին պայմանավորված վերջին օրերի հիստերիկ, ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գոռալ-ճչալը, պարելն ու ծամածռվելը: Ասում են՝ նա հիմա, տենդագին, իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում:


Եվ հնարավոր է՝ առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում: Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաեւ «թալանը հետ բերելու», նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։ Ի դեպ, Գյումրու հետ կապված, թվում էր, իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ «մարդագողությամբ զբաղվելու» եւ ՔՊ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով` վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը»:


«Հրապարակ» թերթը գրում է․


«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում: Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաեւ մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական եւ քաղաքական պահանջներ են դնում, որոնք, մեծ հաշվով, ընդունելի չեն կառավարության համար։


Նրանց հետ բանակցող է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որի հետ մի քանի հանդիպումից հետո հասկացել են, որ ՀՀ իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որով կազատվեն ե՛ւ «գլխից, ե՛ւ գլխացավից»։ Մարզային այցերից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, եւ, ըստ ամենայնի, կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։


Ինչի մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՍԴ որոշման եզրափակիչ մասի բացատրությունը, որպեսզի իրավաբանական բարդ ձեւակերպումների մեջ չխճճվի իրականությունը։ Նկատենք, որ Սահմանադրական դատարանն այս օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով, բավականին նեղացրել է, կոնկրետացրել է դրա կիրառման շրջանակը, ինչը նշանակում է, որ դրա լայն մեկնաբանությունն այլեւս հակասահմանադրական է:


Եվ այսպես, ՍԴ-ն, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետեւ` Օրենքի)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է. «Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո»։ Սա նշանակում է, որ նախկին կամ ներկա պաշտոնյաների ունեցվածքը ամբողջությամբ չի կարող թիրախավորել Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես այսօր է։ Իրավապահները կարող են քննել միայն պաշտոնյայի՝ պաշտոն զբաղեցնելու ժամանակ ձեռք բերված գույքը. դրանից առաջ եւ հետո ձեռք բերված գույքը չի կարող ապօրինի համարվել։


«Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։


Օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:


Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:


Այս դրույթը նշանակում է, որ եթե պաշտոնյան իր պաշտոնավարման օրոք հանցավոր ճանապարհով որեւէ գույք է ձեռք բերել, պետք է հանցանքը գույքի հետ առնչություն ունենա, որ հնարավոր լինի այն համարել ապօրինի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր չէ մարդուն մեղադրել ապօրինի գույք ունենալու մեջ, օրինակ՝ աչքաչափով, օդում կախված լուրերով կամ քաղաքական հրահանգով։ Առավել եւս հնարավոր չէ պաշտոն չունեցած կամ չունեցող մարդուն ապօրինի գույք ունենալու մեջ մեղադրել։


ՍԴ որոշումից հետո իրավապահները՝ դատախազությունը, պետք է ապացուցեն, որ կոնկրետ գույքը կոնկրետ հանցանքի արդյունքում է ձեռք բերվել, կոնկրետ պաշտոնավարման ժամանակում, որից հետո նոր մտնեն դատարան՝ բռնագանձման պահանջով։


Իսկ այն, ինչ մինչ օրս անում է դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքի կատարում է եւ ոչ ավելին»։


 


 

Թեմայի այլ նորություններ