6.10.2024

Գագիկ Խաչատրյանի որդիների` ԱՄՆ-ում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և կվաճառվի

Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ ՀՀ դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։


«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում` այդ թվում փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:


Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև հետևողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։


Արդյունքում, 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել:


Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:


Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 միլիարդ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ