6.10.2024

Սուրեն Պապիկյանը դպրոցականներին կոչ է արել մտածել զինված ուժերում կարիերայի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը։


Հոկտեմբերի 4-ին կատարված այցի ընթացքում նախարարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ։


Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը և խորհուրդ է տվել աշակերտներին ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները, լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու և ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին։


Նախարարը ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների մանրամասները, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնք էականորեն բարելավում են ապագա սպաների սոցիալական վիճակը և լուծում բնակարանային հարցը։


Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին։


Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից։

Թեմայի այլ նորություններ