6.10.2024

Հայաստանը ձգտում է ակտիվ մասնակցել արդյունաբերության զարգացմանը. նախարար

Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

«Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային գործիք է, որն ուղղված է տնտեսության արդյունաբերական հատվածի զարգացմանն ու աջակցությանը։ Արդյունաբերության զարգացումը նպաստում է արտադրության ավելացմանը, տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ազգային շուկայի կայունության ապահովմանը։

Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու, օրենսդրության բարելավման և արդյունաբերության ոլորտում նորարարություններին աջակցելու համար։ Նորարարության, թվայնացման և տնտեսական աճի խթանմանն ուղղված համատեղ ջանքերի աջակցությունը ապագա մեր հաջող ուղու հիմքը կլինի»,- նշել է նախարարն իր ողջույնի խոսքում։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ներկայացվել է թեթեւ արդյունաբերության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։
Խորհրդի կողմից վերահսկվող հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են 2023-2024 թվականների գործունեության և առաջիկա ժամանակաշրջանի պլանների մասին։

Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին՝ Տաջիկստանի Հանրապետությունում։

Թեմայի այլ նորություններ