4.06.2026

Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են. Ծառուկյան

Այսօր մենք չունենք խաղաղություն, կա միայն թելադրանք: Այս մասին Ազատության հրապարակում ամփոփոիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:


"Ի՞նչ խաղաղություն, երբ ասում են, որ Հայաստան պետք է 300 000 ադրբեջանցի գա: 2025 թվականի դեկտեմբերի 5-ի Ալիևի ելույթը նայեք, Նախիջևանում հունիսի 18-19-ին այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի կազմավորման միջոցառումը նայեք: Նրանք քայլ առ քայլ շարժվում են առաջ, ինչը մենք ազգովի պետք է կանխենք, պետք է թույլ չտանք դա",- հայտարարեց նա:


Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք ունեն լավ թիմ, լավ ծրագիր, որ ծնվել է հենց քաղաքացիների առաջանկների հիման վրա և դա պետք է կյանքի կոչեն, որպեսզի մարդկանց դեմքին ժպիտ գա: Նա նշեց, որ փորձել են և վախեցնել, և սպառնալ, բայց դա իրեն չի վախեցնում, քանի որ քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում ինքը, այցելելով Հայաստանի բոլոր մարզերը, մարդկանց մոտ տեսել է հավատ ու հույս:


"Շատ եմ լսել՝ "կարո՞ղ ա զադնի դնես Ծառուկյան ջան": Ես ասել եմ՝ ազատազրկեն էլ, մեկ է բան չկա, ժամանակավոր բան է լինելու, բայց ես դա անելու եմ հանուն իմ երկրի ու հանուն ժողովրդի: Պատրաստ եմ այդ ամենին՝ ասածներս իրականացնելու համար: Ոչ թե՝ ութ տարի է դատարկ-դատարկ խոսում են, ոչ մի բան էլ չեն անում, որ ժողովուրդն իր առօրյայի վրա զգա",- շեշտեց նա:


ԲՀԿ առաջնորդը նշեց, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ գան փող դնեն, ներդրումներ անեն, ոչ թե տարածեն ատելություն ու թշնամանք, և մարդկանցից խլեն, փակեն, բանտարկեն.


"Այդ երկիր ո՞վ կգա, ո՞վ ներդրում կանի: Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են՝ հարցումներով ու մնացածով: Այո, մարդիկ վախենում են խոսեն, բայց անպայման գնացեք ընտրության, կանխենք ճգնաժամը: Տնտեսական ճգնաժամը արդեն սկսվել է, բայց մենք կարող ենք սա կանխել, անհնարին ոչինչ չկա",- հավելեց Ծառուկյանը:


 

Թեմայի այլ նորություններ