4.06.2026

Սա ընտրություն է Հայաստան մնալու և թուրքական վիլայեթ դառնալու միջև. Սուրենյանց

Հունիսի 7-ը սովորական ընտրություններ չեն, դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին. այն ժամանակ մենք ընտրում էինք անկախություն, այսօր՝ մեր պետականության ապագան: Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


"Սա ընտրություն է Հայաստան մնալու և թուրքական վիլայեթ դառնալու միջև: Սա ընտրություն է Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջան վտանգավոր նախագծի միջև: Սա ընտրություն է երաշխավորված խաղաղության և միակողմանի ստորացուցիչ զիջումների միջև",- հայտարարեց նա:


Նա առանձնահատուկ դիմեց պետական համակարգի աշխատողներին՝ նշելով, որ նրանք տարիներ շարունակ ծառայել են պետությանը, ոչ թե որևէ կուսակցության կամ որևէ ղեկավարի, և հորդորեց չտրվել Նիկոլ Փաշինյանի, մարզպետների, նախարարների և մյուս ղեկավարների շանտաժներին և սպառնալիքներին.


"Ընդդիմության հաղթանակի դեպքում պետական համակարգի ոչ մի բարեխիղճ աշխատող չի ազատվելու աշխատանքից քաղաքական հայացքներ ունենալու համար, դուք չե՛ք կորցնելու ձեր աշխատավարձերը, ձեր սոցիալական երաշխիքները և ձեր պարգևավճարները: ԲՀԿ-ն դեմ չէ պարգևավճարներին, մենք դեմ ենք, որ դրանք վերածվեն  քաղաքական կոռուպցիայի գործիքի":


Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանը կորցրել է իր միջազգային գործընկերների վստահությունը և հայտնվել է քաղաքական և տնտեսական անորոշության մեջ:


"Փաշինյանի եվրոպական քաղաքականությունը պատրանք է, խաբեություն, խաբեություն սեփական ժողովրդի նկատմամբ: Հենց Եվրոպայի պաշտոնյաներն են բաց և հրապարակային հայտարարում, որ ԵՄ օրակարգում Հայաստանի անդամակցության հարց չկա: Սակայն Փաշինյանը շարունակում է հասարակությանը վաճառել կեղծ հույսեր՝ այդպիսով տանելով Հայաստանը վտանգավոր մեկուսացման ճանապարհով և կարող է հայտնվել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ՝ պետականության կորստի հեռանկարով",- ընդգծեց նա:


Մատնանշելով ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը ՌԴ հետ, Սուրենյանցը, դիմելով մասնավորապես գյուղացիներին, զգուշացրեց. եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, հազարավոր գյուղացիական տնտեսություններ կանգնելու են գոյատևման խնդրի առաջ:

Թեմայի այլ նորություններ