Ինչպես 2021 թվականին պետական վերահսկողության տակ անցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նույն ճակատագիրն, ըստ Նիկոլ Փաշինյանի, սպասվում է նաև «Արարատ ցեմենտ» գործարանին։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց այսօր Լոռու մարզի Շնող համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի առանցքային ակտիվներից մեկը՝ «Արարատ ցեմենտը», շուտով կանցնի պետության վերահսկողության տակ և կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Նա հայտարարեց, որ, իր պնդմամբ, բացահայտվել են Գագիկ Ծառուկյանի և նրա փեսայի՝ նախկին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ կապված «մաֆիական սխեմաներ», և կառավարությունն արդեն ստացել է դատախազության գրությունը, համաձայն որի՝ նշված գույքը ենթակա է պետականացման։
Վարչապետի թեկնածուն նաև նշեց, որ ինչպես նախկինում եղավ ՀԷՑ-ի դեպքում, այնպես էլ «Արարատ ցեմենտում» նախատեսվում է նշանակել ժամանակավոր կառավարիչ։
Դիմելով գործարանի աշխատակիցներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ նրանք այլևս պարտավոր չեն ենթարկվել Գագիկ Ծառուկյանի կամ Կարապետ Գուլոյանի հրահանգներին, քանի որ, նրա խոսքով, այսուհետ իրենց գործատուն լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Նա նաև կոչ արեց աշխատակիցներին այս պահից սկսած առաջնորդվել կառավարության ցուցումներով։