10.09.2025

Իշխանությունը հասավ «Լեզվի մասին» օրենքին

Օրենքի նախագիծն առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման եւ հստակեցման ուղղությամբ: Ոլորտում ունենք ավելի մեծածավալ եւ հայեցակարգային փոփոխությունների կարիք: Մեր նախարարությունը Լեզվի կոմիտեի հետ աշխատանք է տարել լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ ԱԺ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի ընթացքում:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է կարգավորել առաջնային անհրաժեշտություն ունեցող հարցերը: Առաջարկվել է սահմանել առանձին լիազորող նորմ պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնակարգման գործընթացի համար, ինչպես նաեւ ձեւավորել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Նախարարն ընդգծել է, որ նախագիծն ունի առաջնահերթ հրատապություն՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:


Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:


Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության, հայոց լեզվի կանոնակարգման եւ պետական լեզվական քաղաքականության ոլորտում անհրաժեշտ քայլերի, հայոց լեզվի պահպանման ու վերահսկողության հարցերին:


Եզրափակիչ ելույթում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացրած դիտարկումներին:

Թեմայի այլ նորություններ