20.06.2025

Եղեգնաձորում տեղակայվելու է «Թումո տուփ»

Հայաստանի կառավարությունը հաստատեց Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում «Թումո տուփ» տեղադրելու նախագիծը։ Նախագիծն ընդգրկված է պետության՝ ոչ ֆորմալ կրթության տարածման և տեխնոլոգիական ոլորտին ինտեգրման ռազմավարության շրջանակում։


Հունիսի 20-ին կառավարությունը որոշեց Եղեգնաձորի Շահումյան 12 հասցեում գտնվող 7519 քմ հողատարածքից 625 քմ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ շարժական «Թումո տուփ» տեղադրելու նպատակով։


Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, տարածքը ներկայումս օգտագործվում է «Եղեգնաձորի վարժարանի» կողմից, սակայն որոշման ուժի մեջ մտնելուց հետո այն կտրամադրվի «Թումոյի» նախագծի համար։


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ «Թումո» ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են Հայաստանում և աշխարհում։ Մասնավորապես՝ Հայաստանում գործում են 6 կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում է ավելի քան 21 հազար երեխա։


Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 1-ին «Թումո» կենտրոն է բացվել Ճապոնիայում, իսկ օրեր առաջ հիմնարկեք է կատարվել Ուրուգվայում։ Սա վկայում է, որ Հայաստանը ստեղծել է կրթական մոդել, որը միջազգային շուկայում պահանջարկ ունի։


Բացի «Թումո»-ից, Հայաստանում գործում են COAF կենտրոններ՝ 54 բնակավայրից ավելի քան 5000 երեխայի ընդգրկմամբ։ Ինչպես նաև պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական «Արմաթ» խմբակները, որոնք այս պահին կազմում են 1044 միավոր՝ շուրջ 16,000 երեխայի մասնակցությամբ։


Անդրեասյանի խոսքով՝ ոչ ֆորմալ կրթական այս ծրագրերը լրացնում են դասական դպրոցական համակարգը և նպաստում են կրթության որակի բարձրացմանը։


 

Թեմայի այլ նորություններ