Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի նախագահությամբ:
Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նիստին մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետը, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: