Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Ցավակցություն հայտնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների ընտանիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին և փախստականներին։ «Չեխիան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - ասել է Կուլգանեկը։ Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է խաղաղ բանակցությունների շարունակմանը։