«Նեապոլի երգեր» խորագրով համերգ ՝ տաղանդավոր տենոր Գևորգ Կոջոյանի կատարմամբ
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նեապոլի երգեր» խորագրով համերգ՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) ծրագրով:
Որպես մենակատար երեկոյի ընթացքում հանդես կգա տաղանդավոր տենոր Գևորգ Կոջոյանը: Համերգային ծրագրում Ջ․ Տ․Կոտրաուի, Է․Կապուայի, Է․ Դէ Կուրտիսի, Մ․ Մարլետտայի, Է․ Դե Կուրտիսի, Ֆ․ Պ․ Տոստիի, Վ․ Նուտիլոյի, Ռ․Ֆալվոյի, Է․Կաննիոյի, Ա․ Լարայի, Կ․Բիքսիոյի, Ս․ Գաստալդոնի, Ս․ Կարդիլլոյի, Է․ Դե Կուրտիսի, Յ․ Մ․ Լակալլէի, Վ․ Կիարայի ստեղծագործություններն են:
Տենոր Գևորգ Կոջոյանը 2016թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, ուսանել աշխարհահռչակ տենոր Ֆրանչիսկո Արաիզայի և XX դարի մեծագույն սոպրանոներից մեկի՝ Գրեյս Բամբրիի մոտ, մասնակցել է տարբեր համերգաշարերի, մրցույթների և վարպետաց դասերի:
Հիշեցնենք, որ Նեապոլի երգեր»-ը նեապոլյան լեզվով ստեղծագործություններ են, որոնց մեծ մասը համաշխարհային ճանաչում ունի և հիմնականում հնչում են տղամարդկանց մենակատարմամբ: Այս երգերը մեծ հռչակ ունեն իտալական ավանդական երաժշտության երգացանկում, որոնց տարածման գործում մեծ ավանդ են ունեցել այնպիսի համաշխարհային արտիստներ, որոնցից են՝ Պլասիդո Դոմինգոն, Լուչանո Պավարոտտին, Մարիո Լանցան, Սերջո Ֆրանկինը, Անդրեա Բոչելլին և իտալական դասական երաժշտարվեստի այլ մեգաաստղեր: