Այժմ Ժիրայր Սէֆիլյանը եւ իշխանությունները բանակցում են. Վարուժան Ավետիսյան
Այժմ Ժիրայր Սէֆիլյանը եւ իշխանությունները բանակցում են: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարել է ՀՀ Ոստիկանության Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» աջազգայնական խմբավորման անդամ, ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակից Վարուժան Ավետիսյանը:
«Հիմա պարոն Սեֆիլյանի առաջարկած տարբերակով բանակցություններ են ընթանում», - ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ բանակցությունները միջնորդավորված չեն: Դրանք ընթանում են իշխանությունների եւ Սեֆիլյանի: «Պրոցեսը դժվարությամբ, բայց որոշակի առաջընթաց արձանագրում է, ինչը կառուցողական է եւ ողջունելի: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Մենք ուզում ենք, որ ճիշտ հանգուցալուծում ունենա եւ այս դեպքը եւ առհասարակ երկրում սկսվող փոփոխությունները: Ուզում ենք, որ ցնցումներ չլինեն», - ասել է նա:
Հարցին՝ է՞նչ նկատի ունեք բանակցություններ ասելով, արդյոք Սեֆիլյանի հետ բանակցություններն ուղի՞ղ են, թե՞ միջնորդավորված, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է. «Միջնորդավորված չէ, բայց մանրամասներ չգիտեմ, ես ընդամենը շատ աղքատիկ ինֆորմացիա ունեմ, որ կա պրոցես, որը ողջունելի է: Հիմա թե ինչ, ինչպես ՝ դա չգիտեմ»:
Ժիրայր Սէֆիլյանի՝ իշխանությունների հետ ուղիղ բանակցելու պատաստակամության մասին հայտնել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով տեսակցել էր Սէֆիլյանին: «Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից և դա իրականացնելու համար ինքը Սէֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ բանակցությունները շարունակվում են, երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, հուլիսի 17-ի լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել և պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:
Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ, նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: