Վթարից տուժածներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել նախօրեին վթարից տուժածների առողջական վիճակի մասին:
«Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:
«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ: