Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանի Սև լճի (Սյունիքի) հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձի կասեցման մասին:
«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ», - ասված է հաղորդագրությունում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը, մասնավորապես ադրբեջանական կողմի կրած կորստի վերաբերյալ։