26.11.2024
Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ է տվել ճանապարհաշինարարներին
prev Նախորդ նորություն

Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:


Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:


Ըստ առաջադրված մեղադրանքի` Ս. Զ.-ն, հանդիսանալով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար, նույն գրասենյակի ղեկավարի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:


Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու և ստանալու այլ դեպքեր: Մասնավորապես` կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից նախապես կազմված այն ընտրողների ցուցակները, որոնց 2021թ. հունիսի 9-ին սննդամթերքի տեսքով ընտրակաշառք է բաժանվել: Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ հարցաքննվել են հիշյալ հանգամանքների շուրջ և հաստատել կուսակցության օգտին քվեարկելու համար 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերք ստանալու հանգամանքը:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:


Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, տեղեկացնում են ՀՔԾ-ից։