ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ. ՄԻՊ
Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:
Մենք ՀՀ կառավարությանը կտրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտություն",- ասված է հայտարարության մեջ: