VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են ռեկորդային տեմպերով նվազել, այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումերը պակասել են 58 տոկոսով։ Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 14 մլրդ 987.2 մլն դրամի ներդրում, մինչդեռ նախորդ տարի իրականացված ներդրումների ծավալը 35մլրդ 292.4 մլն դրամ էր։ Ընդամենը 1 մլրդ դրամով ավելացել են ռուսական ներդրամները (խոսքը գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացված ներդրումների մասին է), մոտ կես միլիարդով՝ Արգենտինայից արվող ներդրումները (խոշոր արգենտինահայ գործարար Էռնեկյանի ներդրումների մասին է), իսկ ահա Հայաստանի մյուս հիմնական տնտեսական գործընկերները, անգամ՝ օֆշորային երկրները, կտրուկ պակասեցրել են ներդրումները Հայաստանում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար
Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շռջանառվող տեղեկությունների համաձայն՝ Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,- հերքեց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին ՀՀ պաշտպանության բարձրաստիճան սպաներ: Մասնավորապես նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր
Մելսիկ Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ
Արմեն Մարգարյանը եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ
Մհեր Պապյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս մեղադրվում են այն բանում, որ իբրեւ ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման պատասխանատուներ տարբեր սխեմաներով յուրացրել են պետական միջոցները: Տարբերակներից մեկով սննդամթերք են գնել փաստաթղթերով, գումարն ամբողջությամբ ստացել են, սակայն գնվածը ամբողջ ծավալով չեն մատակարարել բանակին: Ու հիմա նրանց քննչական մարմիններն առաջարկել են կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները, կա՛մ բոլորը կկալանավորվեն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր
Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է։ Սարգիսն ամուսնանում է վրացուհու հետ։ Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական էլիտան՝ նախագահ
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ
Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ
Գագիկ Ծառուկյանը,
Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։ Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանադրությունը տեղի էր ունեցել անցած տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում։ Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր
Արագած Ախոյանն ամուսնացնում է 22-ամյա որդուն։ Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով։ Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաև թուրք, քուրդ և այլազգի գործիչներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ հուլիսի 1-ից բնական գազի սակագինը 9 դրամից մի փոքր ավել կէժանանա: Այս որոշումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ընդունեց: Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողները ներկայումս գործող մեկ խորանարդ մետրը 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ: Իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել գազ սպառողները հազար խորանարդ մետրի համար ներկա 277 դոլարի փոխարեն կվճարեն 257,56 դոլար: Այսինքն՝ խոշոր սպառողների դեպքում գազի սակագինը հազար խորանարդ մետրի հաշվարկով կէժանան մոտ 20 դոլարով: Նկատենք, որ գազը Ռուսաստանից Հայաստան ավելի էժան գնով է հասնում, քան Հայաստանի սահմանից մինչ սպառող: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի գազալցակայաններում բնական գազի վաճառքի գինը: Ներկայումս գազալցակայաններում բնական գազի հաշվարկային գինը 170-ից 180 դրամ է: Այսինքն՝ գազալցակայանները գազը 277 դոլարով գնելու պայմաններում այն վաճառում են 355-ից 375 դոլար գնային միջակայքում: Եթե գազալցակայանները գազի սակագնի այս իջեցումը չանտեսեն, ապա պարտավորված կլինեն գների իջեցում իրականացնել: Մասնավորապես, գազի սակագնի իջեցման համամասնությամբ ստացվում է, որ հուլիսի 1-ից գազալցակայաններում հաշվարկային գինը պետք է դառնա 160-ից 170 դրամ: Իսկ կանե՞ն արդյոք գազալցակայանների սեփականատերերը նման բան, թե ոչ, պարզ կդառնա մեկ ամսի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ գտնել մի ցուցանիշ, որի հիման վրա կարելի է պնդել, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են ընթանում, ու առաջիկա ամիսներին կամ տարում իրավիճակը կարող է բարելավվել: Վերցնենք երեկ հրապարակված տվյալները. այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 699 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 60 միլիարդ 171 միլիոն դրամ: Մյուս կողմից էլ ապրիլին եւս տրանսֆերտների թիվը շարունակել է անցած տարվա համեմատ նվազել: Ընդհանուր այս տարվա չորս ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 131 միլիոն 260 հազար դոլար: Իրավիճակը պատկերավոր դարձնելու համար հիշեցնենք, որ, օրինակ, 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 312 միլիոն 879 հազար դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ ավել է եղել: Դրա համար էլ շարքային քաղաքացու ձեռքի փողն օրեցօր պակասում է»: