Գաղտնիք չէ, որ անցած տարին իսկական փորձություն էր ողջ երկրագնդի համար: Իհարկե, այս աղետալի իրավիճակը չէր կարող չանդրադառնալ հայ երաժիշտների գործունեության վրա: Հանրահայտ Արամ Խաչատրյանի անվան տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի և ակտիվորեն համերգային շրջագայություններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, ստիպված եղավ գրեթե մեկամյա դադար վերցնել։
2020-ին, երեք մեծ շրջագայություն` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում տեղի չունեցան: Դժվար է պատկերացնել, թե ինչ է նշանակում երաժիշտների համար, ովքեր սովոր են տարեկան շուրջ 70-80 համերգ նվագել աշխարհի տարբեր բեմերում, "փակվել տանը" ամիսներ շարունակ, մի իրավիճակում, երբ ապագան կանխատեսելի չէ։
Բարեբախտաբար, լույսը տեսանելի է թունելի վերջում. այս պահին անսամբլը պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին` Ռուսաստանի քաղաքներում ։
Իսկ փետրվարի 10-ին Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։
Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը:
Երաժիշտների կարծիքով՝ առաջիկա համերգների ոգևորությունը համեմատելի է առաջին անգամ բեմ բարձրանալու հետ:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար», -ասում է Եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Իր հերթին, Կոնստանտին Իշխանովը նշում է, որ ինքը վաղուց ծանոթ է Խաչատրյան տրիոյին և միշտ հետևում է նրանց ելույթներին. «Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք բավականին հաճախ և հաջող համագործակցել ենք: Խաչատրյան տրիոն ելույթ ունեցավ մեր փառատոններին՝ Մալթայում, Ղազախստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել անսամբլին վերադառնալ լիարժեք համերգային գործունեության: Արժանապատիվ հայ երաժիշտների՝ ինչպիսիք են Խաչատուրյան տրիոյի անդամները, զարգացումը և հաջող կարիերան ինձ համար շատ կարևոր են, հուսով եմ, որ մեկ անգամ չէ, որ կհանդիպենք մեր նախագծերի շրջանակներում »:
Փետրվարի 10-ին Երևանում, ժամը 19.00-ին, Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ: