Աջակցություն կստանան Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիները պետությունից աջակցություն կստանան:
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց օգնության միջոցառումը:
Համաձայն հիմնավորման, միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Շուռնուխի և Որոտանի քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է
1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն):