Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
"Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,
Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանին, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի, եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել",- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Թադևոսյանը աշխատակիցների ներկայությամբ հայտարարել է, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել: