28.11.2024
Արցախը կոչ է անում երկրներին չտրամադրել տարածք Բաքու և Անկարա զենքի մատակարարումների համար
prev Նախորդ նորություն

Ճանաչել Արցախը. կոչ ՀՀ կառավարությանն ու Ազգային Ժողովին

"Ի պաշտպանության Արցախի Հանրապետության" կազմկոմիտեն դիմել է ՀՀ Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը:


Արցախյան գոյամարտում հորդորների, կոչերի ժամանակն անցել է: 

Թշնամին ՝ Թուրքիան, ադրբեջանցի խամաճիկներին կռվի մղելով, ձգտում է թուրքալեզու տարրին միավորել՝ մեկ ազգ- մեկ պետություն գաղափարի շուրջ:

Մենք, հայերս, քաջ գիտակցում ենք, որ նպատակին հասնելու համար, թուրք ոսոխը փորձելու է շարունակել ցեղասպան գործողություններով ոչնչացնել հայ բնակչությունը: Ստեփանակերտի և մյուս քաղաքների
արգելված զինատեսակներով ռմբահարությունը դրա վառ ապացույցներից:


Ստեղծված իրավիճակում, թիկունք կանգնելով մեր փառապանձ բանակի հերոսական պայքարին, ազգային միասնություն ու համերաշխություն դրսևորելով, անհրաժեշտ ենք համարում իրականացնել .

ՀՀ Ազգային Ժողովում անհապաղ հանրային քննարկում կազմակերպել Արցախի Հանրապետության հետ համաձայնեցված նրա ընդունելի կարգավիճակը ճանաչելու համար:

ՀՀ Ազգային Ժողովը ընդունելով Արցախի Հանրապետության ձևավորման օրինականության փաստը, նրա անկախությունը հիմնավորելով իրավական փաստարկներով, դիմում է ՄԱԿ, ճանաչելու Արցախի Հանրապետության միջանկյալ կարգավիճակը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և արդեն, մասնակցությամբ, ռմբակոծում է խաղաղ բնակչությունը դիմում է Մինսկի Խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, գործնական քայլերի դիմել, խիստ պատժամիջոցներ կիրառել
Թուքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պարտադրելով վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Փաստագրական նյութեր, վկայություններ, իրավական ակտեր հավաքագրել, որոնցով հաստատվում է թուրք էթնոսի կողմից XX- րդ դարում և այս օրերին շարունակվող հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, և պատրաստվել դիմելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքի Միջազգային դատարան, "հայկական Նյուրնբերգը" կայացնելու նպատակով:

Միաժամանակ, գտնում ենք, որ դաշնակցային շահերից ելնելով՝ Ռուսաստանը կարող է նախաձեռնել մի շարք շահագրգիռ երկրների, առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կոալիցիայի ձևավորումը՝ կանխելու Թուրքիայի դարավոր երազանքի իրականացումը:

Այն է՝ թուրքալեզու պետությունների միավորումը, Մեծ Թուրանի ստեղծումը և դրանով իսկ նորաձևելով աշխարհաքաղաքական քարտեզը:

Մենք համոզված ենք , որ մենք ազգովի ամբողջական ուժով պարտադրելու ենք թշնամուն խաղաղութուն ողորմել, որպեսզի տարածաշրջանում չբռնկվի այնպիսի հրդեհ, որը անհնար կլինի մարել:

Դիմելով միջազգային կառույցներին, պետություններին կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է առաջինը անել այդ քայլը, որպեսզի
իրավական հիմք տրամադրի իր գործընկեր երկրներին:

Եվ այսպես ՝ հանուն Արցախի Հանրապետության անկախության, հանուն մեր ազգի հարատևման: Նահանջի տեղ չունենք:

Մենք հաղթելու ենք:

Արամ Սարգսյան ՝ "Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության" կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ,

Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, "Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ գործադիր տնօրեն,

Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, "Ներուժ" կրթամշակութային ՀԿ նախագահ,

Ալեքսանդր Մանասյան՝ "Քաղաքական հետազոտությունների ակադեմիա" ՀԿ նախագահ, քաղաքագետ,

Կարինե Դանիելյան՝ Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր,

Ազատ Եղիազարյան Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,


Թաթուլ Մանասերյան Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ժասմինա Թելյան՝ Կազմկոմիտեի պատասխանատու նախագահ <<Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը>> ՀԿ նախագահ,

Կարին Տոնոյան՝ <<Հայ Ասպետ>> կրթահամալիրի տնօրեն

Գագիկ Հարությունյան Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն 

Վահան Համազասպյան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր

Գրիգորի Այվազյան ՝ <<Ադրբեջանահայերի Ասամբլեա>> ՀԿ նախագահ

Զոյա Ջուլհակյան՝ <<Քարավան -88>> ԲՀԿ նախագահ

Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ելենա Մանվելյան – Բժշկ. գիտությունների թեկնածու

Ելիզավետա Սարգիսովա՝ կենսաբանական գիտությունների թեկնածու

Նազելի Մարգարյան՝ <<Բագարան>> ՀԿ 

Սոս Գյուլումյան ՝ <<Գառդման>> հայրենակցական միություն

Ելենա Խաչատրյան՝ <<Խաչմերուկ>> ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ

Սուրեն Սարգսյան՝ հրապարակախոս, տնտեսագետ