Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին նվազել է 5,7%-ով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5,7%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշներից: Զգալի անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների և արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում:
Նշվում է, որ 2020թ. հունվար-հուլիսի ցուցանիշներով շինարարության ոլորտի անկումը կազմել է 22.6%: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) նվազել է 9.3%-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 11%-ով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2020թ.-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.3%-ով, ընդ որում` արտահանումը նվազել է 6.4%-ով, իսկ ներմուծումը` 13.7%-ով, տեղեկացնում է Էկոնոմուդը:
Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1.3%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5%-ով (187 հազար 224 դրամ), ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով՝ կազմելով 165 հազար 813 դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 3.5%-ով՝ կազմելով 197 հազար 603 դրամ:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.7 տոկոսային կետով իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.1 տոկոսային կետով: