23.11.2024
Վերջ բացառությանը. Արցախ մեկնելիս բեռնատարի վարորդը ևս պետք է թեստ հանձնի
prev Նախորդ նորություն

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով դատարան ուղարկված քրգործերի թիվն աճել է 26%-ով

ՀՀ դատախազության եւ նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետեւողական պայքարը ապօրինի անտառահատումների եւ դրա հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների դեմ: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվության ծառայությունից։


2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով:


Նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետեւողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:


Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ:


Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաեւ ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման եւ պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում:


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։


2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ:


Դատարանում քննված եւ ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:


Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց եւ մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր: