23.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի առթիվ
prev Նախորդ նորություն

Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը:


Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:


ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:


Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:


ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:


Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը


Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:


2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:


2008թ. փետրվարի 12-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:


2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ:


2014թ. մարտի 17-ից մինչեւ 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազի տեղակալ:


ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:


ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ:


Արդարադատության առաջին դասի խորհրդական է:


ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:


ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:


Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է;


2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:


Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:


Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:


ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: