Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության՝ պահանջելով հաստատել իրավունքի խախտումը և հօգուտ իրեն, որպես ոչ նյութական վնասի հատուցում, ՀՀ-ից բռնագանձել 2 մլն դրամ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին, այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Նրա խոսքով, այն աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչեղություն ունի: Եվ քանի որ պահանջը գույքային է, այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ֆինանսների նախարարությունը:
VERELQ-ը հիշեցնում է, որ դատավոր Դանիբեկյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի: