Ադրբեջանն ականանետից յոթ արկ է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մինչ այդ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։
«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող և հերթապահությանը ներգրավված երկու ոստիկան են վիրավորվել: Նրանք ստացել են բեկորային վնասվածքներ:
Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի։