Հունիսի 16-ի երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ տուժել էին լրագրողներ, անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում հրմշտոցու հետեւանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է՝ չնայած որեւէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։
Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին ե՛ւ լրագրողները, ե՛ւ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում՝ վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ ոստիկանություն՝ պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում, չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին՝ պայմաններ ստեղծել՝ լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»։
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հունիսի 16-ի երեկոյան, երբ ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, տեղի ունեցավ միջադեպ ոտսիկանության և Ծառուկյանի կողմնակիցների միջև, որի ժամանակ տուժեցին այնտեղ գտվող լրագրողները:
Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև ոստիկանությունը: «Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի», - : հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
«Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին», - ասված է հաղորդագրության մեջ: