24.11.2024
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է. Սահակյան
prev Նախորդ նորություն

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:


«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:


Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին: Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում:


Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:


Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:


Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ»,- ասված է կոթողիկոսի ուղերձում: