Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Վարչապետը բարձր է գնահատել Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերը՝ աշխարհի տարբեր անկյուններում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու ուղղությամբ և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը ու նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։
Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: Նա մեծ գոհունակությամբ ընդգծել է Հռոմի Կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու անսասան կապը: Հռոմի Սրբազան Քահանայապետը վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկե համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում: Երկուստեք ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերությունների ընդլայնման պատրաստակամության մասին: