24.11.2024
Որքան գումար է ծախսել պետությունը հակաճգնաժամային ծրագրերի վրա
prev Նախորդ նորություն

Վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքը տեղեկատվական անվտանգության խնդիր է. Մակունց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքը, առաջին հերթին, տեղեկատվական անվտանգության խնդիր է: Այս մասին ապրիլի 20-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


Նրա խոսքով, տեղի ունեցածն անընդունելի է «Իմ քայլը» խմբակցության համար և «մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը ունենալու է հետևանքներ»։ «Սա, առաջին հերթին, տեղեկատվական անվտանգության խնդիր է», - ասաց նա՝ հավելելով, որ ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որը կարող էր դառնալ կարևորագույն խնդիր ՝ զուտ անվտանգության տեսնակյունից ։


«Եթե կարճ ժամանակահատվածում տեղի ունեցածի համար պատասխանատու անձինք պատասխանատվություն չկրեն, «Իմ քայլը» պատրաստվում է Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլև զբաղվեն նաև պատասխանատվության առումով, թե ովքեր են ներգրավված եղել», - ասաց նա:


Նա առաջ քաշվող վարկածների չանդրադարձավ՝ արդյոք ոչ պրոֆեսիանլիզմի դրսևորում էր, թե դիտավորություն։ «Դա այս պահին մեզ քիչ է մտահոգում»,- շեշտեց Մակունցը։


Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն և պետք է պարզաբանումներ տա։


«Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև վարչապետի մամլո խոսնակը ունի հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տենխնիկական նրբություններին տիրապետելը։ Հեռարձակման տեխնիկական նրբությունների մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը իրականացնում է։ Եվ ի վերջո, յուրաքանչյուր հաստիք, յուրաքանչյուր աշխատակից, պաշտոնյա ունի պատասխանատվության իր եզրերը, սահմանները, և յուրաքաչյուրը պատասխանատու է հենց այդ գծով»,- ասաց նա։


Նշենք, որ ապրիլի 17-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստման կադրերը հայտնվել էին համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ օգտատերը պատրաստել էր ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։