Եթե այս տեմպը պահպանվի՝ մայիսի 21-ին կունենանք 5000 դեպք. նախարար
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:
Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի: