23.11.2024
Արթուր Բաղդասարյան, Ալեքսան Ալեքսանյան. Փաշինյանը նրանց ազատելու առաջարկ է ներկայացրել
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի սպանության գործը եզրափակիչ փուլում է

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:


Հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանի և Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանի հետ:


«Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային:


«Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն:


Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:


«Ադրբեջանի մասով խնդրել ենք, որ դատարանն արձանագրի կյանքի իրավունքի խախտում: Շեշտադրվում է այն, որ Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը: Նաև հարցեր ենք դրել այն մասին, որ ներում շնորհելը և ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարցադրում է: Դրա արդյունքում պետք է հասնենք միջազգային դատական ատյանի կողմից հակահայկական խտրականության արձանագրմանը, ցույց տալով, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է որպես պետություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևողական են լինելու Հունգարիայի դատարանի վճռի կատարմանը, այսինքն՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվի պատիժը կրելու:


Ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից: