Մոսկվան որոշիչ դեր է խաղացել 2016թ. ռազմական գործողությունների դադարեցման գործում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդի դերակատարում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է.
«Ձգձգված այդ հակամարտության կարգավորման գործում կողմերի հետ աշխատանքը մեր արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի նախագահի, ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում է, որն առավել ընդգծում է միջնորդական ջանքերի կարևորությունը, մեծացնում ուշադրությունը արդյունքների նկատմամբ»,-ասել է Ռուդենկոն:
Հիշատակելով 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրման հարցում Ռուսաստանի անմիջական ներգրավվածության մասին, ինչպես նաև այլ փաստաթղթեր, նա նշել է, որ ՌԴ-ն որոշիչ դեր է խաղացել 2016թ. մեծամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարներին:
«Մենք իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ընդգծել է նա:
Հավելելով նա ասել է, որ կողմերը հայտարարում են փոխզիջման հասնելու պատրաստակամության մասին: «Սատարում ենք այդ տրամադրվածությանը: Աշխատանքի շարունակման հիմքն առկա է. գլխավորը՝ ցուցաբերել քաղաքական կամք»,- եզրափակել է Անդրեյ Ռուդենկոն: