Կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ. ԱԳՆ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Ազատությունը» հարց էր ուղղել Նաղդալյանին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել, և արդյոք ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: «Ազատությունը» հարցրել է՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
«Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ», - պատասխանեց Նաղդալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ կայացած բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը, ով թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր ժամանել Հայաստան, հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովորդի համաձայնության որնէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:
Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում (Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը-խմբ.) մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են», - ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը: