«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»:
ՀՀ-ում տարբեր սորոսական, արևմտյան, ամերիկյան գրանտակեր կազմակերպություններ ու նրանց անդամները տարիներ շարունակ զբաղված են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելով ու սեպ խրելով ՌԴ-ՀՀ ռազմավարական դաշինքի մեջ, ինչի համար էլ նրանք Արևմուտքից ֆինանսավորվում են:
Հակառուսական պլատֆորմն այն ուղենիշն է, որոնցով այդպիսի կազմակերպությունները շարժվում են՝ այդպես է Ուկրաինայում, Վրաստանում և հետխորհրդային բազմաթիվ երկրներում:
Ռուսաֆոբ, հակառուսական, անձամբ Պուտինի դեմ ուղղված հայտարարությունների համար բազմաթիվ գրանտակերներ ստանում են գումարներ՝ անտեսելով այն երկրների ազգային-պետական շահերը, որտեղ նրանք գործում են:
Որևէ ՀԿ նախագահի անզգույշ, կիսահումորային արտահայտություն ու գրառում սոցիալական ցանցերում արագորեն օգտագործվում է ՀՀ-ի հակառակորդների, առաջին հերթին Ադրբեջանի կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու և ռուսական լսարանում ՀՀ-ին ու հայերին վատ լույսի ներքո ներկայացնելու համար:
Տարիներ շարունակ ամրապնդվող հայ-ռուսական դաշնակցային կապերը կարող են վատթարանալ և ստվերվել արևմտյան գրանտակեր ՀԿ-ների կողմից արվող հակառուսական հայտարարությունների պատճառով:
Եթե Ուկրաինան և Վրաստանը, նրանց ԶԼՄ-ների մեծամասնությունը ողողված է հակառուսական լուրերով, քանի որ այդ երկրները վաղուց վերածվել են արևմտյան պլացդարմների ընդդեմ ՌԴ-ի, ու այնտեղից հնչում են վիրավորանքներ, ընդհուպ մինչև առաջին դեմքի՝ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես դա եղավ վերջերս վրացական լրատվամիջոցներից մեկի եթերից, ապա ՀՀ-ն, որպես ՌԴ-ի թիվ մեկ դաշնակիցը տարածաշրջանում, չպետք է Մոսկվայում և ռուսական լսարանի մոտ ընկալվի, որպես սորոսական ազդեցության հակառուսական տարածք:
Հայ-ռուսական հարաբերությունները խաթարող հայտարարություններով պետք է զբաղվեն ՀՀ հատուկ ծառայությունները, քանի որ Հայաստանում գործում են արևմտյան գրանտերով սնվող հազարավոր ՀԿ-ներ, որոնց գործունության և տարածած հայտարարությունների պատճառով կարող են տուժել միջպետական հարաբերություններն ու ՀՀ-ն տարածաշրջանում մնա միայնակ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում:
ՀՀ-ն գտնվում է այնպիսի գեոպոլիտիկ իրավիճակում՝ շրջափակում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, չլուծված ղարաբաղյան հարց, արտագաղթ, ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, որ չի կարող իրեն այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին է տարբեր գրանտակերների կողմից ՌԴ-ի ու նրա նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը:
Գերտերությունները չեն ներում այդպիսի պահվածք փոքր երկրներին, ազզույշ քայլերը կարող են վտանգել թե՛ ՀՀ տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, թե՛ այնտեղ ապրող հայ աշխատանքային միգրանտների վիճակը, որոնք կարող են տարբեր պատրվակներով արտաքսվել հայրենիք: Եվ իհարկե սորոսականները չեն հոգալու այդ հազարավոր մարդկանց աշխատանքով ապահովելու հարցը՝ նրանց նպատակն է ընդամենը վատթարացնել Երևան-Մոսկվա կապերն ու այդ կերպ ստանալ նոր գրանտներ Արևմուտքից:
Աշխարհում գեոպոլիտիկ կոնյուկտուրան այնպիսին է, որ հակառուսականությունը լավ է վարձատրվում: