Եվրոպացիների ավելի քան կեսը կարծում է, որ Եվրոպական միությունը, որում ներկայումս ընդգրկված է 28 երկիր (միությունից հեռացող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանական է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում, կփլուզվի: Այս մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության հասարակական կարծիքի հարցումը, հաղորդում է The Guardian-ը:
Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ վերլուծական կենտրոնի (ECFR) պատվերով անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում եւ Լեհաստանում հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում ԵՄ փլուզումը «իրատեսական» հնարավորություն է:
14 երկրներում անցկացված հարցման համաձայն, որոնք Եվրոպական խորհրդարանի տեղերի 80 տոկոսն են զբաղեցնում, նման կարծիքի է Ֆրանսիայում հարցվածների 58 տոկոսը: Ավելի շատ նման հոռեստեսներ կան միայն Սլովակիայում (66 տոկոս): Միայն երեք երկրներում՝ Շվեդիայում, Դանիայում եւ Իսպանիայում, նման տխուր հեռանկար կանխատեսողները հարցվածների կեսից քիչն են կազմել` 44, 41 եւ 40 տոկոս համապատասխանաբար:
Հարցվածների մոտ մեկ երրորդը, ներառյալ Ֆրանսիայում եւ Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ անդամ երկրների միջեւ զինված հակամարտությունների առաջացումը, որը ստեղծվել էր եվրոպական մայրցամաքում խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով: Նման կարծիքի են, մասնավորապես, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության հարցված կողմնակիցների 46 տոկոսը եւ Գերմանիայի համար այլընտրանք կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը:
Հարցվածների երեք չորրորդը կարծում է, որ քաղաքական համակարգը, կամ ազգային մակարդակում կամ Եվրամիության մակարդակում, անբավարար է աշխատում:
Ֆրանսիայում, ինչպես նշում է հրատարակությունը, հարցման մասնակցածների միայն 15 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Ուսումնասիրությունը անցկացվել է մայիսի 23-26-ին նախատեսված Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:
«Մնացել է 7 օր, որպեսզի եվրոպական նախագծի հիմքում ընկած պարադոքսը լուծվի,- սրա հետ կապված հայտարարել է ECFR-ի տնօրեն Մարկ Լեոնարդը: - ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը ամենաբարձր մակարդակում է 1983 թվականից սկսած, եւ այնուամենայնիվ, ընտրողների մեծամասնությունը մտավախություն ունի, որ ԵՄ-ն, հնարավոր է, փլուզվի»: Միեւնույն ժամանակ, հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 92 տոկոսի կարծիքով՝ միության փլուզման դեպքում կպարտվեն: Սա առաջին հերթին վերաբերում է առեւտրային հարաբերություններին, այլ երկրների տարածքներով տեղաշարժին եւ զբաղվածությանը:
«Միության մեջ միավորվելու կողմնակիցները պետք է ընտրողներին առաջարկեն փոփոխությունների համարձակ գաղափարներ, որոնք էմոցիոնալ անդրադարձ կառաջացնեն» եւ լուռ մեծամասնությանը կստիպեն մայիսի վերջին դրական արձագանքել, ընդգծել է Լեոնարդը: