Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:
Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը:
Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:
Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը: