22.11.2024
Հայաստանում ձեռնարկատերերը կրկին դուրս են եկել փողոց
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. «Մեր վզին ուզում են փաթաթել նոր տիպի պատերազմ»

Հայաստանը հունվարի 28-ին նշում է բանակի կազմավորման 23-ամյակը: Եռաբլուր պանթենոնը մարդաշատ էր: Բանակի տարեդարձի կապակցությամբ պանթեոն էին այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Չնայած, որ օրը տոնական էր, բայց պաշտոնյաների ուղղված հարցերը վերաբերում էին ոչ այնքան բանակի մարտունակությանը, հասարակություն-բանակ կապին, ինչքան լարված իրավիճակին ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին:

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Ըստ նույն աղբյուրի՝ կանխարգելիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է Ադրբեջանի մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս պահին իրավիճակը սահմանին վերասկելի է: «Հնչում են կրակոցներ, բայց իրավիճակը մնում է վերահսկելի: Մեր զինծառայողները իրենց տեղում են, կատարում են իրենց առջև դրված մարտական առաջադրանքները, և օրըստօրե կատարելագործվում է հատկապես մեր դիտարկման համակարգը», - նշեց նա:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մոսես Հակոբյանի խոսքերով, հայկական բանակը ոչ թե պատասխան է տալիս սադրանքներին, այլ առաջնորդվում նրանով «ինչ պլանավորել ենք»: «Հակառակորդը կարող է ամեն օր ակտիվանալ: Դա ոչինչ չի նաշանակում: Մենք պատասխան չենք տալիս սադրանքներին, այլ անում ենք այն, ինչ պլանավորել ենք», - հայտարարեց Հակոբյանը:

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ընդգծեց, որ տարիների ընացքում բարձրացել է բանակի մարտունակությունը, ինչպես նաև անձնակազմի որակը՝ պրոֆեսիոնալիզմը:

«Ինչպես նախարարն է ասում, իսկապես մեզ հարկավոր է գրագետ սպա, և պետք է կոտրել սպայի այն կերպարը, որի մեջ գռեհկություն կա: Այսօր մենք տարբեր երկրներում վերապատրաստված սպայական կազմ ունենք, ինտելեկտուալ առումով ավելի զարգացած զինվորներ, սակայն ամեն դեպքում մոբիլ բանակի զարգացման խնդրիր կա դեռևս»,- ասաց նա, հաղորդում է tert.am-ը:

Գեներալն ընդգծեց, որ Հայկական բանակում կան հատուկ նշանակության այնպիսի ջոկատներ և այնպիսի պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք որ անհրաժեշտության դեպքում կարող են մարտնչել մի ամբողջ քաղաքի կամ դիվիզիայի դեմ:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի նախաահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր «մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ», որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: «Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու», - ասաց նա:

«Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները: Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ», - պնդեց նախագահը: