Նոր վերջնաժամկետ. Անվերջ կարելի է նայել ջրին, կրակին ու ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն
«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի հարցով Եվրամիություն-Մեծ Բրիատանիա բանակցությունները չեն ավարտվում: Բրյուսելում անցած գիշեր տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարները և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայմանավորվել են երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը:
«Բրեքզիթ»-ի հարցով նախկին վերջնաժամկետն ապրիլի 12-ն էր: Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ խնդրել էր գործընթացի ժամկետները հետաձգել առնվազն մինչև հունիսի 30-ը: Եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեին Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան Միությունը պետք է լքեր արդեն վաղը՝ առանց գործարքի, ինչը հղի էր քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:
Այս անգամ սակայն Լոնդոնը համաձայնել է վերջնաժամկետի երկարացման դիմաց Եվրամիության բոլոր բայմաններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեյը համաձայնել է ժամկետի երկարաձգման Եվրամիության պայմաններին: Տուսկը համաձայնությունը որակել է որպես «ճկուն երկարաձգում»՝ նշելով, որ սա նշանակում է «Մեծ Բրիտանիայի համար լրացուցիչ վեց ամիս՝ հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»:
Եվրամիության գագաթնաժողովի եզրակացության մեջ ասված է, որ Բրիտանիան այս ընթացքում պետք է «ձեռնպահ մնա ցանկացած միջոցներից», որոնք կվտանգեն Եվրամիության առանցքային ծրագրերը, մասնավորապես՝ չպետք է կիրառի վետոյի իր իրավունքը։
Միեւնույն ժամանակ Եվրամիությունում քչերն են հավատում, որ մինչ նոր ժամկետի ավարտը Մեծ Բրիտանիան ու Բրյուսելը կկարողանան համաձայնության գան «Բրեքզիթ»-ի վերջնական պայամանագրի շուրջ: Պատահական չէ, որ եվրոպական շատ փորձագետներ սեփական մեկնաբանությամբ սկսել են գործածել հայտնի ասացվածքը. «Անվերջ կարելի է նայել երեք երևույթների` ջրին, կրակին ու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»:
Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում բարձրանում են եվրոպամետ տրամադրությունները: Եվրամիության կազմում մնալուն կողմ արտահայտվողները անցկացնում են հարյուր հազարանոց ցույցեր ու պահանջում՝ նոր հանրաքվե անցկացնել:
Ի դեպ, Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի կողմից Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրություններն անցկացնելուց հրաժարվելու դեպքում վերջնաժամկետի մասին ընդունված նոր որոշումը կդադարի գործել, և Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հունիսի 1-ին դուրս գալ Եվրամիության կազմից: