Բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել. Փաշինյան
Թե ես, թե Ադրբեջանի նախագահը հանդիպումը գնահատեցինք դրական ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանանախագահները նույնպես գնահատեցին այն դրական: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով, հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների, և տրամաբանությունը հենց այդպիսին պետք է լինի, եթե ուզում ենք հասնել հարցի կարգավորմանը։
«Սա այն նոր մոտեցումն է, որ բերում է բանակցային գործընթաց։ Շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարները ժամերով ունենում են հանդիպում, ու տեղի են ունենում մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են ու սա լրջությունը դնում է կասկածի տակ: Բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ հանդիպումը, այդուհանդերձ, դրական է համարում,քանի որ հնարավորություն ունեցան քննարկելու իրենց օրակարգը։
«Հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, որոնք դուրս են տրամաբանությունից։ Այստեղ մենք գործ ունենք հին ու նոր ընկալումների հետ, իսկ իրավիճակն այն է, երբ գործընթացից հետո կողմերը փորձում են անել հայտարարություններ, որ կարողացել են դիմացինին ինչ-որ անհաջողությունների բերել», - հավելեց նա։